«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն այսօր Կոնգրես հյուրանոցում կազմակերպել էր կլոր սեղան «Գենդերային ուսուցման ինտեգրումը ՀՀ հանրակրթական դպրոցի ուսումնական պլանում» ծրագրի շրջանակում:
Ծրագիրն իրականացվել է Երևանում և ՀՀ հինգ մարզերում` Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Սյունիք և Տավուշ, մասնակցել են 140 մասնագետներ:
Այսօր ներկայացվում էր «Գենդերային բաղադրիչի ներառումը «Հասարակագիտություն» առարկայի մեջ» առաջարկությունների փաթեթը:
Մինչ միջոցառման սկիզբը ՀԿ-ի անդամները խոչընդոտեցին լրագրողների մուտքը դահլիճ՝ պատճառաբանելով, թե տեղ չկա: Տարաձայնությունը հանգեց ծեծկռտոցի: Միջամտեցին անվտանգության աշխատակիցները:
Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը դժգոհեց, որ իրենք նախապես գրանցվել էին, բայց իրենց չթողեցին մասնակցել, հարցեր ուղղել:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանն ասաց, որ որոշ մարդիկ մանիպուլիացիաների են ուզում ենթարկել իրենց գործողությունները և սուտ տեղեկություններ են տարածում իրենց մասին: Գալիս են և պլանավորված փորձում են խանգարել միջոցառումները:
Հարց`իսկ ինչո՞վ է պայմանավորված լրագրողների նկատմամբ նրանց վերաբերմունքը:
Գործադիր տնօրենը պարզաբանեց, որ հրավիրել են նրանց, ում ճանաչում են, փակ է եղել միջոցառումը, և իրենք միայն իրավասու մարդկանց ենք հրավիրել: Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը նկատեց, որ պետք է առավելագույնս բաց լինի:
Աննա Նիկողոսյանը պատճառաբանեց, որ «էքստրեմիստ խմբերը խանգարում են»: Թե ինչ ասել է «էքստրեմիստ», չկարողացավ բացատրել: Նկատի ուներ սուտ լուրեր տարածողներին:
Կլոր սեղանն իհարկե կայացավ. իրազեկում, ձեռքբերումներ, ճնշված հայ կանայք, հարց ու պատասխան և այլն:
Խաչիկ Ստամբոլցյանը մեզ հետ զրույցում ասա, որ նրանք միասեռականություն են քարոզում. «Միաջոցառմանը հրավիրված են կրթության ազգային ինստիտուտից, քաղաքապետարանի կրթության բաժնից, այն դեպքում, երբ Կրթության և գիտության նախարարը տեղյակ չէ: Մտավախաություն ունեմ, որ ի վերջո, այդ ծրագիրը կներառվի դպրոցներում, որովհետև Եվրամիությունը միասեռականության գաղափար է տարածում»:
«Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը նշեց, որ Կառավարությունը գենդերային բաղադրիչ դպրոցներում մտցնելու որոշում չի կայացրել, բայց Արևմուտքից հովանավորվող ՀԿ-ներն ամեն կերպ ուզում են այս քարզչությունը շարունակել. «Ի՞նչ է նշանակում գենդերային բաղադրիչը ներառել դասագրքերում: Մենք գիտենք, որ գենդերը տղամարդ-կին տարբերություն չէ, շատ ավելի ընլայնված հասկացողություն է, և նման հասկացողութուն դպրոցներում դասավանդելը խիստ վտանգավավոր է երեխաների համար: Գենդերը ձեռքբերովի վարքն է, այսինքն, տղամարդը կարող է կին դառանալ, կինը` տղամարդ: Ով ինչքա՞ն գումար է տվել, որ մեր երեխաներին փչացնեն»: Արման Բոշյանը տեղեկացրեց նաև, թե Կառավարությունն ընդունել է մի ծրագիր, որը կոչվում է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը պաշտպանելու միջոցառումների ցանկ, այսինքն, գենդեր եզրույթն այլևս Կառավարությունը չի գործածում: Ավելին, որոշում է ընդունել, համաձայն որի` գենդերային գաղափարախոսությունը ճանաչում են որպես վտանգավոր հետևանքներ պարունակող:
«Մեծ մարդուն չես կարող համոզել, փոխել: Խնդիրն այն է, որ այդ գաղափարախոսությունը ուզում են դպրոց մտցնել»,- ընդգծեց Ա. Բոշյանը, տեղեկացնելով նաև, որ սույն ծրագիրը հովանավորում է Նիդեռլանդները:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ